Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Արագածոտնի թեմը պարզաբանում է տարածել Տեր Արամ քահանա Ասատրյանի խնդրի առնչությամբ

Արագածոտնի թեմը պարզաբանում է տարածել Տեր Արամ քահանա Ասատրյանի խնդրի առնչությամբ
12.09.2025 | 15:18

Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։

Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից Մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։

Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել Առավոտյան և Երեկոյան ժամերգություններին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց։

Ընդգծենք, որ Տեր Հայրն ընդունել և կատարել է Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությունը և ներկայիս շարունակում է իր ծառայությունը Հովհաննավանքում։

Այնուհետև, անհասկանալի կերպով Տեր Արամը նախաձեռնել է իր հայտնի հրապարակումները։

Հավելենք նաև, որ Եկեղեցին ունի համապատասխան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր հոգևորական կարող է իրեն անհանգստացնող հարցերը բարձրաձայնել և ստանալ լուսաբանումներ։

Տարօրինակ է, որ իրեն հուզող խնդիրների առնչությամբ Տեր Հայրը երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել։

Տեր Արամը պետք է անդրադառնա, որ խնդիրների նմանօրինակ արծարծումը հանրային հարթակներում չարամատորեն կարող է շահարկվել այլոց կողմից, ինչը և տեղի է ունենում այս դեպքում։

Ցավում ենք, որ Տեր Հոր անհիմն հրապարակումներն օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար՝ հերթական անգամ թիրախավորելով Եկեղեցուն։

Արագածոտնի թեմի մամլո դիվան

Դիտվել է՝ 2862

Մեկնաբանություններ